«Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացում» թեմայով դասընթաց
Եվրոպայի խորհուրդը «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում Պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի հետ համատեղ կազմակերպեց «Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացում» թեմայով դասընթաց ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության ծառայողների համար։
Դասընթացի մասնակիցներին ողջունեցին ՀՀ ՊԵԿ նախագահի խորհրդական Միքայել Խաչատրյանը, Եվրոպայի խորհրդի ծրագրի ավագ պատասխանատու Ազգանուշ Թոթոլյանը, ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը և Եվրոպայի խորհրդի փորձագետ Դավիթ Մելքոնյանը։
Դասընթացը վերաբերում էր ֆինանսական և հարկային հանցագործությունների բացահայտման ընթացքում կիրառվող արդի մեթոդների և գործիքների ուսումնասիրությանը՝ ընդգծելով ոչ միայն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկատվության, այլև այլընտրանքային և լրացուցիչ տեղեկատվական աղբյուրների արդյունավետ կիրառման կարևորությունը։ Այդ աղբյուրների թվում են օտարերկրյա պետություններից ստացված տվյալները, ներպետական մարմինների տեղեկատվությունը, ինչպես նաև Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից տրամադրվող տեղեկությունները։
Դասընթացի շրջանակում ներկայացվեցին նաև հարկային հանցագործությունների քննությանը զուգահեռ նախորդող հանցանքների բացահայտման մեթոդները, բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության և օպերատիվ տվյալների համադրման և վերլուծության գործնական մոտեցումները։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ֆինանսական հանցագործություններին բնորոշ կասկածելի նշանների հայտնաբերմանը, ֆինանսական գործարքների և վարքագծային օրինաչափությունների վերլուծությանը, ինչպես նաև ռիսկերի վաղ բացահայտմանը։
Դասընթացը նպատակ ունի զարգացնել մասնակիցների կարողությունները՝ տարբեր աղբյուրներից ստացված տվյալների վերլուծության, համադրման և գործնական կիրառման ուղղությամբ՝ ֆինանսական հանցագործությունների բացահայտման և նախորդող հանցանքների քննության արդյունավետության բարձրացման նպատակով։
Դասընթացը վարեց Եվրոպայի խորհրդի փորձագետ Դավիթ Մելքոնյանը։