ՊԵԿ Ուսումնական կենտրոնի պրակտիկանտները հաջողությամբ պաշտպանեցին ավարտական աշխատանքները ԵՊՀ-ում
Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի Մարդկային ռեսուրսների կառավարում մագիստրոսական ծրագրի երկու ուսանողուհիներ, ովքեր պրակտիկա էին անցել ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում, հաջողությամբ պաշտպանեցին իրենց ավարտական աշխատանքները։
Պրակտիկան իրականացվել է կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանի ղեկավարությամբ։ Այդ ընթացքում ուսանողները մասնակցել են կենտրոնի աշխատանքային գործընթացներին, ձեռք բերել գործնական հմտություններ և իրականացրել ոլորտային հետազոտություններ՝ ներկայացնելով կիրառական առաջարկներ։
Սիրանուշ Ավետիսյանը պաշտպանել է «Պետական ծառայության բրենդավորումը որպես աշխատողների հավաքագրման գործընթացի միջոց» թեմայով ավարտական աշխատանքը։ Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են հավաքագրման մեխանիզմները, գործատուի բրենդավորման գործիքներն ու երիտասարդ մասնագետների ներգրավման հնարավորությունները։ Աշխատանքում առաջարկվել են մի շարք նախաձեռնություններ՝ ուղղված գործատուի բրենդի ամրապնդմանը և հավաքագրման արդյունավետության բարձրացմանը, մասնավորապես՝ բաց դռների օրերի կազմակերպում, կարճաժամկետ ճանաչողական պրակտիկաների իրականացում և աշխատակից-դեսպանների համակարգի ներդրում։
Իր հերթին, Միլենա Անտոնյանը ներկայացրել է «Հակակոռուպցիոն քաղաքականությունը աշխատողների վարքագծի ձևավորման գործում» թեմայով հետազոտությունը։ Աշխատանքի ընթացքում կատարվել են փաստաթղթերի վերլուծություններ և դեպքային ուսումնասիրություններ, որոնց հիման վրա առաջարկվել են քայլեր՝ վարքագծային բաղադրիչի ինտեգրման, բարեվարքության մշակույթի զարգացման և թվայնացման գործընթացների ընդլայնման ուղղությամբ։
Ուսանողները նշել են, որ մինչ պրակտիկայի մեկնարկը որոշ մտահոգություններ ունեին պետական կառույցում աշխատանքի բնույթի վերաբերյալ՝ կարծելով, թե այն սահմանափակվելու է վարչական գործառույթներով։ Սակայն արդեն առաջին օրերից ներգրավվել են իրական աշխատանքային գործընթացներում և ստացել արժեքավոր գործնական փորձ։
Նրանք նաև ընդգծել են, որ կենտրոնի աշխատակիցները մշտապես աջակցել են թե՛ պրակտիկայի, թե՛ ավարտական աշխատանքների պատրաստման ողջ ընթացքում՝ ձևավորելով համագործակցային և խրախուսող միջավայր։
Այսպիսի նախաձեռնությունները կարևոր դեր ունեն ուսանողների տեսական գիտելիքները գործնականում ամրապնդելու և ակադեմիական կրթությունը մասնագիտական միջավայրի հետ համադրելու գործում։
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը շարունակում է ակտիվ համագործակցությունը բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ՝ նպաստելով երիտասարդ մասնագետների մասնագիտական զարգացմանն ու պետական համակարգում կիրառական գիտելիքների տարածմանը։