ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
15 մայիսի 2026

ՊԵԿ Ուսումնական կենտրոնում Ամերիկյան համալսարանի ուսանող-պրակտիկանտները ներկայացրեցին իրենց ավարտական աշխատանքները

 ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում տեղի ունեցավ Հայաստանի Ամերիկյան համալսարանի Մանուկեան Սիմոն գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի (CBE) 4-րդ կուրսի ուսանողների ավարտական աշխատանքի պաշտպանությունը՝ որպես Կենտրոնում իրականացված պրակտիկ համագործակցության շարունակություն։ 

 Միջոցառմանը ներկա էին ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, ՊԵԿ աշխատակազմի ղեկավար Դավիթ Մաթևոսյանը, ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի tտնօրեն Արուսյակ Միրզախանյանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետազոտությունների և գնահատման ինստիտուտի տնօրեն Թերեզա Աբովյանը, ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի աշխատակազմը, ՊԵԿ Անձնակազմի կառավարման վարչության ներկայացուցիչներ։ 

 Պրակտիկան իրականացվել է ՊԵԿ Ուսումնական կենտրոնի ղեկավարության և համապատասխան ստորաբաժանումների ուղեկցությամբ, որի ընթացքում ուսանողները ներգրավվել են կենտրոնի գործունեության ուսումնասիրության մեջ և մշակել նորարարական և կիրառական առաջարկներ մարդկային ռեսուրսների և պետական կառավարման ոլորտում։ 

  Նախագիծը  կրում է «Արժեքների  և դերերի վրա հիմնված հավաքագրման շրջանակ» խորագիրը, որի շրջանակներում ուսանողներ Նանե Միրզոյանը, Նելլի Օհանջանյանը, Ինեսա Ադամյանը և Դավիթ Բարսեղյանը ուսումնասիրել են պետական համակարգում թեկնածուների հավաքագրման մարտահրավերները, միջազգային փորձը, ինչպես նաև մշակել գործնական առաջարկություններ՝ ուղղված թեկնածուների ընտրության արդյունավետության բարձրացմանը, թափանցիկության ամրապնդմանը և որակյալ կադրերի ներգրավմանը։

 Նախագծում ներկայացվել են մի շարք կիրառական լուծումներ, այդ թվում՝

  • հավաքագրման թափանցիկության թվային հարթակի նախատիպ,
  • նպատակային համագործակցություններ բուհերի, ավագ դպրոցների և այլ կրթական հաստատությունների հետ,
  • տեղեկատվական տեսանյութի օրինակ,
  • էթիկայի, տրամաբանության և իրավիճակային գնահատման թեստավորման համակարգ։

  Պաշտպանությունից հետո անցկացվեց քննարկում և հարցուպատասխան, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ավելի մանրամասն անդրադառնալ ներկայացված աշխատանքին՝ պատասխանելով հնչած հարցերին և պարզաբանելով որոշ հատվածներ։ 

 ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը կարևորում է ուսանողների հետ համագործակցությունը՝ որպես մասնագիտական գիտելիքի, նոր գաղափարների և պետական համակարգի զարգացման կարևոր հարթակ։ Ուսանողների կողմից իրականացված աշխատանքը առանձնանում է խորքային վերլուծությամբ, միջազգային փորձի ուսումնասիրությամբ և կիրառելի առաջարկություններով: