ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
13 մայիսի 2026

Կրթությունն ու առաջնորդությունը․ ՊԵԿ-ի և ԵՊՀ-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր

 ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի նախաձեռնությամբ մայիսի 11-ին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Երևանի պետական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ ուղղված կրթություն - պետական համակարգ կապի ամրապնդմանը, երիտասարդ մասնագետների ներուժի զարգացմանը և մասնագիտական համագործակցության նոր հնարավորությունների ձևավորմանը։

 Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցեցին ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյան և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյան։

 Ողջույնի խոսքում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարևորեց բուհ - աշխատաշուկա կապի ամրապնդումը՝ ընդգծելով, որ նման համագործակցությունները հնարավորություն են ստեղծում ուսանողների համար առավել մոտիկից ծանոթանալու պետական կառավարման համակարգին և ձեռք բերելու գործնական գիտելիքներ դեռևս ուսումնառության ընթացքում։ 

 Միջոցառման շրջանակում ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդես եկավ «Ուսանողից՝ ղեկավար» թեմայով բանախոսությամբ՝ անդրադառնալով ուսանողական տարիներից սկսվող անձնական և մասնագիտական զարգացման ճանապարհին, առաջնորդության հմտությունների ձևավորմանը և պետական համակարգում կարիերայի կառուցման առանձնահատկություններին։

 ՊԵԿ նախագահը նշեց, որ առաջնորդությունը սկսվում է ոչ թե պաշտոնից, այլ պատասխանատվությունից, նախաձեռնողականությունից և շարունակական ինքնակրթությունից։ Նա ընդգծեց նաև, որ իրական առաջընթացը նախ և առաջ ինքն իր հետ մրցակցելու արդյունք է, իսկ պետական համակարգը` երիտասարդների համար հանրությանը ծառայելու կարևոր հնարավորություն։

 Բանախոսության ընթացքում քննարկվեցին նաև պետական համակարգում պահանջված հմտությունները, նորարարական մտածողության կարևորությունը, ինչպես նաև մասնագիտական աճի ճանապարհին փորձի, աշխատասիրության և արժեքային համակարգի դերը։

 Զեկույցից հետո տեղի ունեցավ ինտերակտիվ հարց ու պատասխան, որի ընթացքում քննարկվեցին ինչպես անձնային և մասնագիտական զարգացման, այնպես էլ տնտեսական քաղաքականությանն առնչվող հարցեր։ Ուսանողները հետաքրքրվեցին պետական համակարգում հաջողության հասնելու համար անհրաժեշտ հմտություններով, ՊԵԿ համակարգ ընդունվելու գործընթացներով, ինչպես նաև ստվերային տնտեսության դեմ պայքարի և ՓՄՁ ոլորտին վերաբերող հարկային քաղաքականության հարցերով։ 

 Միջոցառման ավարտին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ՊԵԿ նախագահին բովանդակալից բանախոսության և բաց ու ինտերակտիվ քննարկման համար՝ կարևորելով ուսանողների և ՊԵԿ համակարգի միջև շարունակական հանդիպումների իրականացումը։

 ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը շարունակում է կրթական հաստատությունների հետ համագործակցության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունները՝ նպաստելով որակյալ մասնագետների պատրաստմանը, շարունակական կրթության զարգացմանը և կրթություն - աշխատաշուկա կապի ամրապնդմանը։