ՊԵԿ-ի և ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի ներկայացուցիչները հյուրընկալվել են Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» հաղորդմանը
ՀՀ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալ Վարազդատ Հայրապետյանը և ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի հավաքագրման գործընթացի պատասխանատու Լիանուշ Օհանյանը հյուրընկալվել են «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս» հաղորդմանը՝ ներկայացնելու Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության հարկային ծառայողների պատրաստման դասընթացի ընդունելության կարգն ու դրա ընձեռած հնարավորությունները։
Հաղորդման ընթացքում հյուրերը ներկայացրել են այն հնարավորությունները, որոնք դասընթացը բացում է պետական համակարգում մասնագիտական գործունեություն սկսելու ցանկություն ունեցող քաղաքացիների համար՝ նշելով, որ դասընթացի նպատակն է պատրաստել նոր սերնդի հարկային ծառայողներ, որոնք ոչ միայն կտիրապետեն անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներին, այլև կունենան բարձր պատասխանատվության զգացում, բարեվարքություն, վերլուծական մտածողություն և օպերատիվ որոշումներ կայացնելու կարողություն։
Ներկայացնելով ընդունելության գործընթացը՝ Լիանուշ Օհանյանը նշել է, որ դիմել կարող են 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները՝ անկախ մասնագիտությունից։ Ընտրությունն իրականացվում է մի քանի փուլով՝ օտար լեզվի և համակարգչային գիտելիքների ստուգում, հարցազրույց, որին հաջորդում է երկշաբաթյա ինտենսիվ ուսուցումը և ավարտական քննությունը։
Իր հերթին Վարազդատ Հայրապետյանն ընդգծել է, որ ժամանակակից տնտեսական հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարը պահանջում է նոր մտածողությամբ, շարունակաբար զարգացող և ժամանակակից գործիքներին տիրապետող մասնագետներ։ Նրա խոսքով՝ լավ օպերատիվ աշխատակիցը ձևավորվում է գիտելիքի, փորձի և շարունակական կրթության շնորհիվ, իսկ դասընթացը հենց այդ ճանապարհի առաջին կարևոր քայլն է։
Հաղորդման ավարտին հեռուստադիտողներին ևս մեկ անգամ հիշեցվեց, որ դիմումներն ընդունվում են մինչև 2026 թվականի հուլիսի 29-ը ներառյալ։ Հայտերն ընդունվում են առցանց՝ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի պաշտոնական կայքի միջոցով, որտեղ հասանելի է նաև ընդունելության վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը։ Դասընթացն անցկացվում է անվճար հիմունքներով, իսկ այն հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն են ստանում համալրելու ՀՀ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության անձնակազմը։