ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
22 հունիսի 2023

Մաքսային ծառայողների վարքագծի կանոնների բացատրական ուղեցույցի վերապատրաստողների վերապատրաստում

    Բարեվարքության ընդհանուր միջավայրի ձևավորումը հանրային ծառայության յուրաքանչյուր ոլորտում, այդ թվում նաև մաքսային ծառայության, առանցքային դերակատարում ունի հանրային ծառայողի հակաիրավական վարքագծի կանխարգելման համար։ Նման միջավայր կարող է ձևավորվել այն դեպքում, երբ էթիկայի և վարվելակերպի նորմերը (միասին՝ վարքագծի նորմեր) մեկնաբանվեն ու կիրառվեն միասնական կերպով՝ ապահովելով այդ նորմերի կիրառության միասնականություն ու ամբողջականություն։ Բացի այդ, մաքսային ծառայողների նկատմամբ կարգապահական վարույթները իրավական գործընթացներ են և որպես այդպիսին պետք է ենթարկվեն օրինականության ընդհանուր պահանջին, իսկ իրավական նորմերի որոշակիությունը և կանխատեսելիությունը օրինականության սկզբունքի անքակտելի պահանջներ են։ Այս տեսանկյունից նույնպես կարևոր է, որ Կանոններում սահմանված նորմերը մեկնաբանվեն ու կիրառվեն նույն կերպ` ապահովելով իրավական որոշակիություն ու կանխատեսելիություն։

    «Փափուկ հմտություններ» և «ՀՀ ՊԵԿ համակարգի ծառայողի էթիկա, վարքագծի կանոններ, կոռուպցիոն ռիսկերի չեզոքացման և նվազեցմանն ուղղված միջոցառումներ» ուսումնական ծրագրերի շրջանակներում հունիսի 19-ից 22-ը ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ «Մաքսային ծառայողների վարքագծի կանոնների բացատրական ուղեցույցի վերապատրաստողների վերապատրաստում» թեմայով չորսօրյա դասընթաց  ՀՀ ՊԵԿ  ստորաբաժանումների մասնագետ-դասընթացավարների համար:

     Դասընթացը վարեց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը, ով նաև Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակներում ստեղծված «Մաքսային ծառայողի վարքագծի կանոնների բացատրական ուղեցույց» ձեռնարկի հեղինակն է:

     Դասընթացը տեղի ունեցավ փոխակտիվ և մասնակցային մեթոդաբանության բաղադրիչներով՝ ցուցադրություն, լսարանային ու խմբային քննարկումներ, վարժանքներ, իրավիճակային խնդիրների լուծում, մասնակիցների կողմից իրենց դասընթացների մեթոդաբանության մշակում և այլն։