ՊԵԿ Ուսումնական կենտրոնում կայացավ «Կառավարչական հմտություններ» թեմայով դասընթաց
ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում անցկացվեցին «Մաքսային ծառայողի (ղեկավար պաշտոններ զբաղեցնելու) պատրաստման դասընթաց»-ի և «Հարկային ծառայողի (ղեկավար պաշտոններ զբաղեցնելու) պատրաստման դասընթաց»-ի շրջանակներում կազմակերպված «Կառավարչական հմտություններ» թեմայով ուսումնական դասընթացները։
Դասընթացներին մասնակցեցին ՀՀ ՊԵԿ համակարգում հարկային և մաքսային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար դիմած, ընդունելության փուլերը հաջողությամբ հաղթահարած և մասնակիցների ցանկում ընդգրկված թեկնածուները։ Մաքսային ծառայողների դասընթացն իրականացվեց երկու խմբով՝ 43 մասնակցի ընդգրկմամբ, իսկ հարկային ծառայողների դասընթացին մասնակցեց 18 թեկնածու։
Դասընթացների նպատակն է զարգացնել մասնակիցների կառավարչական կարողությունները՝ համադրելով հանրային կառավարման ոլորտում անհրաժեշտ գիտելիքները, թվային գործիքների կիրառման հմտությունները և արդյունավետ առաջնորդության սկզբունքները։ Ուսուցման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց գործնական կարողությունների ձևավորմանը, վերլուծական մտածողության զարգացմանը, ինչպես նաև փոփոխվող աշխատանքային միջավայրում տվյալահեն որոշումների կայացման, արդյունավետ հաղորդակցության և թիմերի առաջնորդման հմտությունների կատարելագործմանը։
Ուսումնական ծրագրերը ձևավորվել են հանրային կառավարման ոլորտի արդի պահանջներին համահունչ և ներառում են հետևյալ թեմաները․
- Արհեստական բանականության կիրառումը հանրային կառավարման համակարգում,
- Աճի մտածողություն և փոփոխությունների կառավարում,
- Փափուկ հմտություններ հանրային կառավարման համակարգում,
- Խնդիրների լուծման և որոշումների կայացման հմտություններ,
- Համակարգային մտածողություն, համակարգերի ստեղծում և կառավարում,
- Տվյալահեն կառավարում և թվային գործիքների կիրառություն,
- Փոփոխությունների կառավարում և թիմերի ղեկավարում։
Դասընթացներն իրականացվեցին տեսական և գործնական պարապմունքների համադրությամբ՝ ներառելով քննարկումներ, իրավիճակային առաջադրանքներ և փորձի փոխանակում, ինչը մասնակիցներին հնարավորություն տվեց ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները կիրառել աշխատանքային իրական իրավիճակներում։
Դասընթացներն իրականացվեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի մասնագետների մասնակցությամբ։ Դասընթացները վարեցին ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը, Թվային վերափոխման և ավտոմատացման մասնագետ Մհեր Ավագյանը, Հանրային կապերի պատասխանատու Արփինե Մխիթարյանը, Հետազոտությունների և զարգացման բաժնի ղեկավար Արսեն Ըռքոյանը և փոխտնօրեն Հայկարամ Դրմեյանը։
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը շարունակաբար իրականացնում է վերապատրաստման և մասնագիտական զարգացման ծրագրեր, որոնք նպաստում են Պետական եկամուտների կոմիտեի մասնագիտական ներուժի զարգացմանը և արդյունավետ կառավարման մշակույթի ձևավորմանը։ Նման նախաձեռնություններով Կենտրոնը նպաստում է ժամանակակից մտածողությամբ, առաջնորդության հմտություններով և ռազմավարական տեսլականով օժտված ղեկավար կադրերի պատրաստմանը՝ համապատասխանեցնելով նրանց կարողությունները հանրային կառավարման ոլորտի փոփոխվող մարտահրավերներին։