ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
27 մայիսի 2026

Հայաստանի Ամերիկյան Համալսարանում տեղի ունեցավ ամենամյա Կարիերայի տոնավաճառ

ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը այսօր մասնակցեց Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (ՀԱՀ) կազմակերպված ամենամյա կարիերայի տոնավաճառին։

Միջոցառման նպատակն է մեկ հարթակում համախմբել գործատուներին, փորձառու մասնագետներին և երիտասարդ թեկնածուներին՝ խթանելով ուսանողների կարիերայի զարգացման հնարավորությունները և ամրապնդելով կապը աշխատաշուկայի հիմնական դերակատարների միջև։

Տոնավաճառի ընթացքում ՊԵԿ Ուսումնական կենտրոնը ներկայացրեց իր կրթական ծրագրերը, մաքսային, հարկային ծառայողի պատրաստման դասընթացների ընթացակարգերը, իսկ ՊԵԿ Անձնակազմի և կառավարման վարչության աշխատակիցները ներկայացրեցին հարկային և մաքսային համակարգերում աշխատանքի, մասնագիտական աճի հնարավորությունները և ոլորտում պահանջված հմտությունները։ Առանձնահատուկ մանրամասնությամբ ներկայացվեցին նաև հարկային և մաքսային ոլորտներում հետազոտական նախագծերի իրականացման/capstone project և պրակտիկայի անցկացման հնարավորությունները։ 

Կենտրոնի և ՊԵԿ-ի ներկայացուցիչները տաղավարում հնարավորություն ունեցան անմիջական շփման միջոցով ՀԱՀ ուսանողներին և շրջանավարտներին ներկայացնելու նաև պետական համակարգում ծառայության առանձնահատկությունները, պատասխանելու նրանց հարցերին և ներկայացնելու ուսուցողական խաղը։ Այս ձևաչափը նպաստեց ուսանողների ակտիվ ներգրավմանը, արդյունավետ քննարկումների կազմակերպմանը և կարիերային ուղղված իրազեկվածության բարձրացմանը։

Կարիերայի տոնավաճառը կարևոր հարթակ է գործատու–ուսանող համագործակցության ամրապնդման, մարդկային կապիտալի զարգացման նոր մոտեցումների քննարկման և տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ փորձի փոխանակման համար։ 

ՊԵԿ Ուսումնական կենտրոնը կարևորում է երիտասարդ մասնագետների ներգրավումը պետական համակարգում և նրանց մասնագիտական զարգացման շարունակական աջակցությունը։

Նման նախաձեռնություններին մասնակցությունը նպաստում է պետական ծառայության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև երիտասարդների շրջանում ոլորտի նկատմամբ հետաքրքրության ընդլայնմանը և մասնագիտական կողմնորոշման աջակցությանը