ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը հյուրընկալեց ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ներկայացուցիչներին
Հուլիսի 14-ին ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Դաշնային մաքսային ծառայության ներկայացուցիչ Ալեքսեյ Իվանովիչ Պոպովին և ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության Դաշնային մաքսային ծառայության ներկայացուցչության գլխավոր մասնագետ-փորձագետ Մաքսիմ Իգորևիչ Խարիտոնովին։
Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի և Ռուսաստանի մաքսային ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաև ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ուսումնառության հեռանկարները և ակադեմիայի կողմից առաջարկվող կրթական որակավորումները։
Քննարկման ընթացքում կողմերը ներկայացրեցին իրենց կառույցների կրթական գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող ծրագրերը և մասնագիտական կարողությունների զարգացման ոլորտում իրականացվող նախաձեռնությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով մաքսային ոլորտի մասնագետների շարունակական կրթության և վերապատրաստման կարևորությանը։
Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները մանրամասն ներկայացրեցին Ռուսաստանի մաքսային ակադեմիայի կրթական համակարգը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված կրթաթոշակային ծրագրերը, ընդունելության կարգը, ուսումնառության պայմանները, ինչպես նաև ակադեմիայում սովորելու առավելություններն ու շրջանավարտների մասնագիտական զարգացման հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակման, կրթական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև մաքսային ծառայության ոլորտում մարդկային կապիտալի զարգացման և երիտասարդ մասնագետների ներգրավմանն ուղղված արդյունավետ գործիքակազմերի կիրառման անհրաժեշտությանը։ Կողմերը կարևորեցին նման համագործակցության դերը ժամանակակից մասնագիտական կարողությունների ձևավորման և ոլորտի զարգացման գործում։
Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն շարունակելու համագործակցության ուղղությունների քննարկումը և ձևավորելու համատեղ նախաձեռնությունների շրջանակ։
ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը կարևորում է միջազգային գործընկերների հետ համագործակցության զարգացումը՝ այն դիտարկելով որպես մասնագիտական կրթության որակի բարձրացման, փորձի փոխանակման և ոլորտի մասնագետների կարողությունների շարունակական զարգացման կարևոր նախադրյալ։