ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոնը»՝ Career City Fest 2026-ին
Հայաստանի առաջատար գործատուներին միավորող ամենամյա գլխավոր իրադարձությունը՝ «Career City Fest»-ն այս տարի նշում է իր հոբելյանական 5-ամյակը՝ «Հինգ սերունդ, մեկ ռիթմ» խորագրի ներքո։
Ապրիլի 18-ին և 19-ին փառատոնը համախմբել էր տարբեր ոլորտների առաջատար կազմակերպությունների, կրթական հաստատությունների և երիտասարդ մասնագետների՝ ստեղծելով արդյունավետ հարթակ փորձի փոխանակման, նորարար գաղափարների ներկայացման և մասնագիտական զարգացման հնարավորությունների բացահայտման համար։
Այս կարևոր իրադարձությանը առաջին անգամ մասնակցեց նաև ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոնը»։
Միջոցառման ընթացքում «Ուսումնական կենտրոնի» թիմն այցելուներին ներկայացրեց կենտրոնի կրթական ծրագրերը, վերապատրաստման հնարավորությունները և պետական համակարգում մասնագիտական զարգացման ուղիները։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց հարկային և մաքսային ծառայողների պատրաստման դասընթացներին և այդ ոլորտներում կարողությունների զարգացմանը։
Ուսումնական կենտրոնի տաղավարում կազմակերպված բովանդակալից և ինտերակտիվ խաղը դարձավ փառատոնի ամենահետաքրքիր անկյուններից մեկը։ Այն մասնակիցների համար ստեղծեց յուրահատուկ փորձառություն՝ համատեղելով ուսուցումը, զվարճանքն ու ինքնաբացահայտումը։ Խաղի շնորհիվ այցելուները բացահայտեցին իրենց ուժեղ կողմերը և ստացան ուղղորդում՝ ապագա մասնագիտական ընտրության հարցում ավելի վստահ կողմնորոշվելու համար։
Միջոցառումը հնարավորություն ընձեռեց անմիջական շփում հաստատել երիտասարդների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին և ներկայացնել պետական ծառայության առանձնահատկությունները՝ ընդգծելով շարունակական կրթության կարևորությունը՝ որպես մասնագիտական հաջողության հիմք։
CCF-ին մասնակցությունը կարևոր և նշանակալի քայլ էր ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի համար՝ ուղղված իրազեկվածության բարձրացմանը, երիտասարդների ներգրավմանը և գիտելիքահեն համայնքի ձևավորմանը։ Կենտրոնը շարունակում է ակտիվորեն ներգրավվել նման հարթակներում՝ նպաստելով մրցունակ և զարգացող աշխատուժի ձևավորմանը։
Career City Fest 2026-ը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երբ միավորվում են սերունդները, գաղափարներն ու հնարավորությունները, ստեղծվում են հաջողության նոր պատմություններ։