«Սիրո մասունք » գրքի շնորհանդես
Ապրիլի 7-ին ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը լի էր գեղեցիկ միջոցառումներով, որոնց շարքում իր բնույթով նշանակալի էր ՀՀ ՊԵԿ Մաքսային հսկողության վարչության Ապրանքների դասակարգման և սակագնային կարգավորման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Մհեր Ուլիխանյանի «Սիրո մասունք» գրքի շնորհանդեսը։
«Գիրքը ամբողջությամբ սեր է։ Սեր առ Աստված, հայրենիք, ընտանիք, ընկերություն,....»,-նշում է հեղինակը։
Գրքում ներկայացված է հեղինակի շուրջ 35 տարվա ստեղծագործական գործունեությունը, որում ներառված են բանաստեղծական ամենատարբեր ոճերով գրված ստեղծագործություններ՝ հայերեն և ռուսերեն: Մհեր Ուլիխանյանը ունի նաև փոքրաթիվ բանաստեղծություններ ֆրանսերենով և վրացերենով:
Մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ Վլադիմիր Սաֆարյանը ողջունեց գործընկերոջը՝ կարևորելով վերջինիս ոչ միայն պետականամետ ու պատասխանատու պետական ծառայող լինելը, այլ նաև մեր պետության համար հոգևոր պակասի լրացումը ապահովելը։
Կենտրոնի ուսումնական ծրագրերի համակարգող Աշխարուհի Քալանթարը իր խոսքում նշեց, որ պարոն Ուլիխանյանին բնորոշ է ստեղծագործելու իր ուրույն ոճը, տարաչափության հստակ ու խստագույն պահպանումը, հայերենի անաղարտության պահպանման սկզբունքը, խորը հուզական զգացմունքայնությունը, անսահման սերն ու մտահոգությունը դեպի հայրենիքը, մարդը:
Ըստ Մաքսային գործառնությունների կազմակերպման և հսկողության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Արմեն Դանիելյանի՝ միայն Մհեր Ուլիխանյանի նման սիրող մարդը կարող է գրել սիրո մասին, սեր տալ ու բարություն տարածել։
Հեղինակը շնորհակալություն հայտնեց ՊԵԿ Ուսումնական կենտրոնի թիմին, Տպարանի աշխատակիցներին և շնորհանդեսին ներկա գտնվողներին։ Առանձնակի երախտիքի խոսք ուղղեց Կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանին՝ գրքի հրատարակման աշխատանքները նախաձեռնելու և շնորհանդեսը կազմակերպելու համար:
«Համազգեստով մարդիկ այնքա՜ն ուրիշ գեղեցիկ կողմեր ունեն, որոնք նույնպես պետք է բացահայտել, խրախուսել, հանրայնացնել ու դարձնել վարակիչ։ Չէ՞ որ մեզանից յուրաքանչյուրը անընդհատ մոտիվացվելու ու մոտիվացնելու կարիք ունի»,-իր խոսքում նշեց Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը:
Գործընկերներից շատերի համար Մհեր Ուլիխանյանի ստեղծագործական գործունեությունը բացահայտում էր։
Շնորհանդեսի ընթացքում հեղինակը կարդաց բանաստեղծություններից մի քանիսը և ներկաններին նվիրեց գիրքը։