ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
16 սեպտեմբերի 2026

ՊԵԿ Ուսումնական կենտրոնը՝ ՀՊՏՀ աշխատանքի տոնավաճառում

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը մասնակցեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ամենամյա աշխատանքի տոնավաճառին։

Միջոցառումը համախմբեց ՀՊՏՀ ուսանողներին և շրջանավարտներին, աշխատանք փնտրող մասնագետներին և տարբեր ոլորտներ ներկայացնող գործատուների՝ ստեղծելով անմիջական շփման և մասնագիտական հնարավորությունների բացահայտման հարթակ։

Տոնավաճառի ընթացքում ՊԵԿ Ուսումնական կենտրոնի և ՊԵԿ Անձնակազմի կառավարման վարչության ներկայացուցիչները համատեղ ներկայացրին Պետական եկամուտների կոմիտեում աշխատանքի ընդունվելու հնարավորությունները, համապատասխան գործընթացը, ինչպես նաև մասնագիտական զարգացման և վերապատրաստման հիմնական ուղղությունները։

Ուսանողները ակտիվորեն շփվեցին ներկայացուցիչների հետ, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և մասնակցեցին հարկային ոլորտին վերաբերող ինտերակտիվ խաղի՝ ստուգելով իրենց գիտելիքները և ավելի անմիջական ձևաչափով ծանոթանալով ոլորտին։

Մեծ հետաքրքրություն առաջացրեց նաև ՊԵԿ-ում պրակտիկա անցնելու հնարավորությունը․ ուսանողները տեղեկացան պրակտիկայի միջոցով մասնագիտական գիտելիքները գործնականում կիրառելու և աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորության մասին։

ՊԵԿ Ուսումնական կենտրոնի մասնակցությունը տոնավաճառին նպաստեց կրթական միջավայրի և պետական կառավարման համակարգի միջև կապի ամրապնդմանը՝ երիտասարդներին հնարավորություն տալով ծանոթանալու ՊԵԿ-ում, Ուսումնական կենտրոնում աշխատանքի, պրակտիկայի և մասնագիտական զարգացման հնարավորություններին։