ՊԵԿ Ուսումնական կենտրոնում անցկացվեց «Ընթերցանության ակումբի» երկրորդ հանդիպումը
Հուլիսի 10-ին ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում տեղի ունեցավ «Ընթերցանության ակումբի» երկրորդ հանդիպումը, որը համախմբեց ՊԵԿ ղեկավար կազմի ներկայացուցիչներին և աշխատակիցներին՝ մասնագիտական գրականության շուրջ բաց քննարկման, փորձի փոխանակման և նոր գաղափարների ձևավորման նպատակով։
Հանդիպման առանցքում էր Անդերս Ստրիդհի և Լենարտ Վիթբերգի «Վախ ներշնչող հարկահավաքից դեպի հանրության կողմից սիրված ծառայություն մատուցող գործակալություն» գիրքը, որը հայերեն թարգմանվել և հրատարակվել է ՊԵԿ Ուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ։ Այն ներկայացնում է հարկային վարչարարության, կազմակերպական մշակույթի և հանրային ծառայության շուրջ միջազգային հաջողված փորձը՝ առաջարկելով վերաիմաստավորել պետական կառույցների դերը հանրության հետ հարաբերություններում։
Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը՝ ընդգծելով, որ Ուսումնական կենտրոնի գործունեությունը միտված է ոչ միայն գիտելիքի փոխանցմանը, այլև այնպիսի մասնագիտական միջավայրի ձևավորմանը, որտեղ գաղափարների փոխանակումը և համատեղ քննարկումները նպաստում են շարունակական զարգացմանը։
Ընթերցանության ակումբի բացման խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը։ Նա ներկայացրեց գրքի վերաբերյալ իր դիտարկումները՝ համեմատականներ տանելով գրքում ներկայացված մոտեցումների և հարկ վճարողների հետ փոխգործակցության ժամանակակից սկզբունքների միջև։
Հանդիպման ինտերակտիվ հատվածում մասնակիցները բաժանվեցին երեք աշխատանքային խմբերի և մենթորների աջակցությամբ քննարկեցին «Վերահսկողությո՞ւն, թե՞ ծառայություն», «Մշակույթի փոփոխություն» և «Հարկ վճարողի տեսանկյուն» թեմաները։ Խմբային քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց վերահսկողության և ծառայության հավասարակշռությանը, կազմակերպական մշակույթին, առաջնորդությանը և մարդակենտրոն մոտեցումներին, իսկ ավարտին յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր հիմնական եզրակացություններն ու առաջարկությունները։
Հանդիպման ընթացքում ՊԵԿ Ուսումնական կենտրոնի Հետազոտությունների և նորարարությունների բաժնի պետ Անի Ջաբաղյանը ներկայացրեց ՊԵԿ աշխատակիցների շրջանում անցկացված առցանց հարցման արդյունքները, որոնք վերաբերում էին հանդիպման ընթացքում քննարկվող հիմնական թեմաներին։
Միջոցառման ավարտին ամփոփ խոսքով հանդես եկավ ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Նա նշեց, որ ժամանակակից հարկային մարմնի գործունեությունը պետք է հիմնված լինի ոչ միայն վերահսկողական գործառույթների արդյունավետ իրականացման, այլև հարկ վճարողին որակյալ ծառայությունների մատուցման սկզբունքի վրա։ Նախագահը կարևորեց ՊԵԿ տեսլականի, առաքելության և միասնական արժեքային համակարգի շուրջ համախմբված աշխատանքը՝ ընդգծելով, որ կազմակերպության մշակութային զարգացումը հնարավոր է յուրաքանչյուր աշխատակցի ներգրավվածության և ընդհանուր նպատակների նկատմամբ պատասխանատվության շնորհիվ։ Նա անդրադարձավ նաև քննարկման ընթացքում բարձրացված մի շարք հարցերի՝ կարևորելով նման ձևաչափերի դերը գաղափարների ձևավորման և փոփոխությունների իրականացման գործում։
Ընթերցանության ակումբի նախաձեռնությունը կրում է շարունակական բնույթ և նպատակ ունի մասնագիտական գրականության շուրջ ձևավորել բաց քննարկումների հարթակ, խթանել փորձի փոխանակումը և նպաստել ժամանակակից պետական կառավարման գաղափարների տարածմանը։