ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
17 հուլիսի 2026

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը համագործակցության համաձայնագիր է կնքել ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հետ

Հուլիսի 13-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր՝ ուղղված կրթական ոլորտում գործընկերային հարաբերությունների զարգացմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը։ Համաձայնագիրը ստորագրեցին ՊԵԿ Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը։

Համագործակցության շրջանակում Ուսումնական կենտրոնում կիրականացվի ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի կողմից մշակված «Հանրային ոլորտի կառավարում 2030» կրթական ծրագիրը, որը միտված է հանրային կառավարման ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը, կրթական ծրագրերի որակի բարձրացմանը և ոլորտում արդիական գիտելիքների ու լավագույն փորձի տարածմանը։

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը Ուսումնական կենտրոնին կտրամադրի ծրագրի ուսումնական-մեթոդական նյութերը, ինչպես նաև կներկայացնի համապատասխան որակավորում ունեցող մասնագետների թեկնածություններ։ Ուսումնական կենտրոնն իր հերթին կկազմակերպի և կիրականացնի դասընթացը՝ ներգրավելով մասնաճյուղի կողմից առաջարկված մասնագետներին։

Կողմերի համագործակցությունը նպատակ ունի համախմբել երկու հաստատությունների մասնագիտական և կրթական ներուժը, խթանել գիտելիքի և փորձի փոխանակումը, ինչպես նաև ներդնել ժամանակակից, գործնական ուղղվածություն ունեցող կրթական ծրագրեր, որոնք կպատասխանեն հանրային կառավարման ոլորտի շարունակաբար փոփոխվող պահանջներին։

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը կարևորում է կրթական և գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության ընդլայնումը՝ որպես մասնագիտական կրթության որակի բարձրացման, շարունակական ուսումնառության խթանման և պետական համակարգի կարողությունների զարգացման կարևոր նախապայման։