ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի և ՀԲԸՄ-ի համագործակցության շրջանակում մեկնարկել է մասնագիտական դասընթացների շարք
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Հայաստան» ծրագրի հերթական համագործակցության շրջանակում մեկնարկել է մասնագիտական դասընթացների նոր շարք՝ ուղղված աշխատաշուկայում պահանջված հմտությունների զարգացմանն ու զբաղվածության խթանմանը։
Ծրագրի շրջանակում ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը կազմակերպում է դասընթացներ ներկայումս ՀՀ աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող 3 կարևոր մասնագիտական ուղղություններով՝
• Վաճառք
• Հաշվապահական հաշվառում
• Հաճախորդների սպասարկում
Դասընթացների նպատակն է մասնակիցներին փոխանցել ոլորտային հիմնարար գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք կօգնեն առավել վստահ մուտք գործել աշխատաշուկա, զարգացնել մասնագիտական կարողություններն ու բարձրացնել մրցունակությունը։
Ծրագրի մեկնարկին նախորդել է մասնակիցների հետ կազմակերպված առաջին հանդիպումը, որի ընթացքում ներկայացվել են ուսումնական գործընթացի առանձնահատկությունները, դասընթացների բովանդակությունն ու նախատեսվող հնարավորությունները։ Հանդիպումը նաև հնարավորություն է տվել մասնակիցներին ծանոթանալ միմյանց հետ, քննարկել ակնկալիքներն ու ձևավորել հետագա մասնագիտական զարգացման իրենց պատկերացումները։
Ուսուցումը կազմակերպվում է առցանց ձևաչափով՝ ներառելով նաև դեմառդեմ հանդիպումների հնարավորություն։
Դասընթացների ավարտին մասնակիցներին կտրամադրվեն հավաստագրեր։
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը կարևորում է նման համագործակցությունները՝ մի կողմից որպես շահառուների համար գործնական գիտելիքների փոխանցման և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտությունների ձևավորման արդյունավետ հարթակ, մյուս կողմից՝ որպես գործատուների համար պատրաստված և մրցունակ մասնագետների ներգրավման լրացուցիչ հնարավորություն։
Համատեղ նախաձեռնությունները նպաստում են կրթական հնարավորությունների ընդլայնմանը և տարբեր խմբերի համար մասնագիտական աճի նոր հնարավորությունների ստեղծմանը։
ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Հայաստան» ծրագիրը աշխատուժի զարգացման նախաձեռնություն է, որի նպատակն է աջակցել զբաղվածության խնդիր ունեցող անձանց՝ անվճար մասնագիտական կրթության և կիրառական հմտությունների զարգացման միջոցով։ Ծրագիրն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում խոցելի և տեղահանված համայնքների ներկայացուցիչներին, երիտասարդներին, աշխատանք փնտրողներին և աշխատաշուկա վերադարձող կանանց: