ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
5 մարտի 2026

Կրիպտոակտիվներ և բլոկչեյն, կարգավորում, հարկում և ռիսկերի կառավարում

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում մեկնարկել է «Կրիպտոակտիվներ և բլոկչեյն, կարգավորում, հարկում և ռիսկերի կառավարում» թեմայով դասընթացների շարք՝ նախատեսված ՀՀ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության ծառայողների (մասնագետների) համար։

Դասընթացը ներկայացնում է թվային ակտիվների և բլոկչեյն տեխնոլոգիայի հիմունքները, կրիպտոակտիվների տեսակները,  բլոկչեյնի աշխատանքի մեխանիզմները, դրանց կիրառությունը ֆինանսական համակարգում, ոլորտի կարգավորման, հարկման և ռիսկերի կառավարման հիմնական սկզբունքները։

Դասընթացի նպատակն է զարգացնել ՀՀ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության ծառայողների (մասնագետների) մասնագիտական կարողությունները կրիպտոակտիվների և բլոկչեյն տեխնոլոգիայի ոլորտում՝ ապահովելով թվային ակտիվների շրջանառության հարկային, իրավական և օպերատիվ վերահսկողության արդյունավետ իրականացումը:

«Բիթքոյն․ առաջին կրիպտոարժույթը»  թեմայով դասընթացը վարում է Web3 Եվանգելիստ, Blockstars-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Արտյոմ Հարությունյանը։

Գործնական օրինակների և քննարկումների միջոցով մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են կրիպտոակտիվների ոլորտում վերահսկման գործընթացները հասկանալու համար։

Դասընթացի ընթացքում ուսումնասիրվելու է նաև միջազգային փորձը և իրավական մոտեցումները կրիպտոակտիվների կարգավորման ոլորտում, ներառյալ ֆինանսական վերահսկողության, փողերի լվացման կանխարգելման և հաճախորդների նույնականացման պահանջները։ Հատուկ ուշադրություն է դարձվելու կրիպտոակտիվների հարկման առանձնահատկություններին, գործարքների հաշվառմանը, ֆինանսական հաշվետվություններին, հարկման եղանակներին այլ երկրներում, հարկման հնարավորություններին Հայաստանում, խարդախություններից պաշտպանության տարբերակներին և այլն։