ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
4 նոյեմբերի 2026

Միջազգային փորձից՝ գործնական հմտություններ․ մեկնարկում է համագործակցությունը Ուկրաինայի մաքսային ուսումնական կենտրոնի հետ

Ինչպե՞ս բացահայտել բեռներում թաքցված արգելված ապրանքները՝ վերլուծելով ռենտգենյան սկանավորման համակարգերով ստացված պատկերները։ Ինչի՞ն ուշադրություն դարձնել, ինչպե՞ս տարբերակել կասկածելի հատվածները և ի՞նչ մեթոդներով կատարելագործել զննման գործընթացը։

Այս հարցերի շուրջ մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացմանն է ուղղված ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնի և Ուկրաինայի մաքսային ուսումնական կենտրոնի միջև մեկնարկած համագործակցությունը՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։

Այս ընթացքում ՊԵԿ ուսումնական կենտրոնը կհյուրընկալի ուկրաինացի փորձագետների, ովքեր կիրականացնեն ուսուցողական ծրագրեր երեք հիմնական ուղղություններով՝

  • Բեռների զննում․ բեռների զննման գործընթացներին և համակարգերին վերաբերող մասնագիտական դասընթացներ։
  • Արտակարգ իրավիճակներում մաքսային ընթացակարգեր․ փորձի փոխանակում և դասընթացավարների պատրաստում (TOT)։
  • Թմրամիջոցների և դեղամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար․ դասընթացավարների պատրաստում (TOT)։

Առաջին դասընթացը մեկնարկեց նոյեմբերի 4-ին։  «Բեռների զննման համակարգերի օպերատորների ուսուցում» թեմայով գործնական եռօրյա դասընթացը նախատեսված է են  ՀՀ ՊԵԿ պետական սահմանի  ցամաքային անցման կետերի մաքսային սպասարկման և հսկողության վարչության մաքսային հսկողության տեխնիկական միջոցների մոնիտորինգի բաժնի աշխատակիցների համար։  Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան ռենտգենյան պատկերների վերլուծության մեթոդներին, արգելված ապրանքների թաքցման եղանակներին և գործնական վարժությունների միջոցով կզարգացնեն դրանք հայտնաբերելու հմտությունները։

Դասընթացի առաջին օրը մասնակիցներն ուսումնասիրում են բեռների սկանավորման պատկերների վերլուծության մեթոդները, ծանոթանում արգելված ապրանքների թաքցման հնարավոր եղանակներին և սովորում բացահայտել կասկածելի հատվածներն ու ռիսկային նշանները։ Գործնական պարապմունքների ընթացքում նրանք վերլուծում են սկանավորված պատկերներ, կատարում առաջադրանքներ և քննարկում իրենց մասնագիտական եզրակացությունները։

Դասընթացի հիմնական նպատակն է զարգացնել պատկերների վերլուծության և ռիսկերի բացահայտման գործնական հմտությունները։

Նախաձեռնությունը միտված է ոչ միայն միջազգային փորձի փոխանակմանը, այլև մաքսային հսկողության մասնագիտական կարողությունների ամրապնդմանն ու ժամանակակից տեխնիկական միջոցների առավել արդյունավետ կիրառմանը։