Համագործակցության առաջին փուլն ամփոփված է
Նոյեմբերի 4-6-ը ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնում անցկացվեց «Բեռների զննման համակարգերի օպերատորների ուսուցում» թեմայով եռօրյա դասընթացը՝ Ուկրաինայի մաքսային ուսումնական կենտրոնի փորձագետների մասնակցությամբ։
Դասընթացին մասնակցեց ՀՀ ՊԵԿ 13 աշխատակից։ Ուկրաինացի փորձագետներ Մաքսիմ Պրիխոդչենկոյի և Մարիա Բելկոտի ղեկավարությամբ մասնակիցներն ուսումնասիրեցին բեռների զննման համակարգերով ստացված ռենտգենյան պատկերների մեկնաբանման և վերլուծության մեթոդները, ինչպես նաև արգելված ապրանքների թաքցման եղանակները։
Երեք օրերի ընթացքում տեսական գիտելիքները համադրվեցին գործնական պարապմունքների հետ՝ ապահովելով ուսուցման կիրառական ուղղվածությունը։ Մասնակիցները վերլուծեցին զննման համակարգերով ստացված պատկերներ, քննարկեցին տարբեր իրավիճակներ և կատարելագործեցին կասկածելի հատվածների ու հնարավոր ռիսկերի բացահայտման հմտությունները։
Դասընթացի վերջին օրը մասնագիտական քննարկումներին իր փորձը ներկայացրեց նաև մասնակից Նաիրի Վարդանյանը՝ ներկայացնելով մաքսանենգության դեպքերի օրինակներ։ Ներկայացումը հնարավորություն տվեց քննարկելու գործնականում հանդիպող իրավիճակները, փոխանակվելու մասնագիտական փորձով և լրացնելու դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները։
Դասընթացն անցկացվեց ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնի և Ուկրաինայի մաքսային ուսումնական կենտրոնի համագործակցության շրջանակում՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։
Համագործակցության առաջին փուլն ամփոփված է, իսկ առաջիկայում նախատեսվում են նոր վերապատրաստումներ՝ մաքսային ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացման և միջազգային փորձի փոխանակման նպատակով։