ՀԱՀ ուսանողները հաջողությամբ իրականացրեցին նախագծային աշխատանք Ուսումնական կենտրոնում
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համագործակցության շրջանակներում Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողները իրականացրեցին նախագծային աշխատանք ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում։
ՀԱՀ Գործարարության և տնտեսագիտության ինստիտուտի «Տուրիզմի և հյուրընկալության» կրթական ծրագրի ուսանողները «Մարքեթինգ» դասընթացի շրջանակներում նախագծի հետազոտական աշխատանքն իրականացրել են Ուսումնական կենտրոնի «Հետազոտությունների և նորարարության բաժնի» աջակցությամբ։ Ուսանողները ուսումնասիրել են Կենտրոնի դասընթացները, իրազեկման արշավները, մասնավորապես անդրադարձել են մաքսային և հարկային ծառայողի պատրաստման ծրագրերին։
Ուսումնասիրությունների արդյունքում նրանք մշակել են գովազդային արշավ, որի նպատակն է բարձրացնել Կենտրոնի ճանաչելիությունը երիտասարդների շրջանում և ներկայացնել այն որպես երիտասարդ հայ շրջանավարտների կարիերայի շարունակման կարևոր հարթակ։ Արշավը կոչված է նպաստելու, որ լսարանը դիտարկի Կենտրոնը որպես հեղինակավոր, պետական աջակցություն ունեցող կարիերայի հարթակ՝ ոչ թե պարզապես կրթական հաստատություն։ Այն պետք է ներշնչի ու հպարտության զգացում առաջացնի՝ մասնակցելու ծրագրի, որը նպաստում է երկրի զարգացմանը, ինչպես նաև խթանի գրանցվելը, տեղեկատվական հանդիպումներին մասնակցելը և ծրագրերին դիմելը։
Երկարաժամկետ հեռանկարում հաղորդակցությունը նպատակ ունի ձևավորել հավատարմություն և պաշտպանողական վերաբերմունք՝ շրջանավարտներին վերածելով դեսպանների, որոնք առաջ են մղելու Ուսումնական կենտրոնը որպես վստահելի և հարգված կրթական միջավայր։
Ուսումնական կենտրոնի Համագործակցության և զարգացման բաժնի պետ Սյուզաննա Ղազարյանը կարևորում է նման համագործակցությունները՝ ընդգծելով, որ դրանք նոր հնարավորություններ են ստեղծում թե՛ ուսանողների, և թե՛ պետական կառույցների համար՝ խթանելով գիտելիքի փոխանցումը, նորարարական մոտեցումների զարգացումը և երիտասարդ մասնագետների ներուժի արդյունավետ օգտագործումը։