ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
20 հուլիսի 2026

ՊԵԿ Ուսումնական կենտրոնը՝ E-Logi Fest 2026-ում

Հուլիսի 17–19-ը Երևանում անցկացվեց E-Logi Fest 2026 միջազգային լոգիստիկայի, տրանսպորտի և էլեկտրոնային առևտրի փառատոնը, որը մեկ հարթակում համախմբեց պետական կառույցների, մասնավոր հատվածի, ակադեմիական համայնքի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու ոլորտի զարգացման արդի մարտահրավերներն ու հնարավորությունները։

Միջոցառմանը մասնակցում էին միջազգային հեղինակավոր կազմակերպությունների և մասնագիտական ասոցիացիաների ներկայացուցիչներ, այդ թվում՝ FIATA-ն, Լիտվայի մաքսային մասնագետների ասոցիացիան, Ղազախստանի Chartered Institute of Transport and Logistics-ը, Ղրղզստանի միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիան, Ուզբեկստանի մաքսային բրոքերների ասոցիացիան, ինչպես նաև Հայաստանի պետական և մասնավոր հատվածի ու բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։

ՊԵԿ Ուսումնական կենտրոնը ևս մասնակցեց փառատոնին՝ ներկայացնելով շարունակական մասնագիտական կրթության և կարողությունների զարգացման ոլորտում իր փորձն ու գործունեությունը։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցան թեմատիկ պանելային քննարկումներ, կլոր սեղաններ և մասնագիտական հանդիպումներ՝ նվիրված լոգիստիկայի, մաքսային գործի, թվայնացման, մասնագիտական կրթության, միջազգային համագործակցության և ոլորտի զարգացման ժամանակակից միտումներին։

Փառատոնի շրջանակում հուլիսի 18-ին անցկացվեց «Բուհերից այն կողմ․ լոգիստիկայի և տրանսպորտի ոլորտում պրակտիկային միտված վերապատրաստման ծրագրերի անհրաժեշտությունը» խորագրով միջազգային կլոր սեղանը։

Միջոցառման առանցքային բանախոսներից էր ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը, ով պանելային քննարկման ընթացքում ներկայացրեց շարունակական մասնագիտական կրթության դերը լոգիստիկայի ոլորտի զարգացման գործում։ Իր ելույթում նա նշեց, որ ժամանակակից ուսումնական կենտրոնի առաքելությունը միայն դասընթացներ կազմակերպելը չէ, այլ ապագայի մասնագիտական կարողությունների ձևավորումը, կրթության և գործնական փորձի միջև ամուր կապի ստեղծումը։

«Եթե Հայաստանը ցանկանում է դառնալ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց, ապա նախ պետք է դառնա տարածաշրջանային լոգիստիկ կրթական հանգույց»,– իր ելույթում նշեց Արուսյակ Միրզախանյանը։

Նա նաև ներկայացրեց ՊԵԿ Ուսումնական կենտրոնի փորձը՝ նշելով, որ վերջին տարիներին կենտրոնի կողմից ներդրված մաքսային բրոքերների սերտիֆիկացման համակարգը հաջողված օրինակ է պետական, մասնավոր և ակադեմիական հատվածների համագործակցության։ Նրա խոսքով՝ նման մոտեցումը կարող է արդյունավետորեն կիրառվել նաև լոգիստիկայի ոլորտում՝ նպաստելով մասնագիտական կրթության և մարդկային կապիտալի զարգացմանը։

Միջազգային քննարկմանը մասնակցեցին պետական կառույցների, մասնավոր հատվածի, կրթական հաստատությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քննարկվեցին հետևյալ թեմաները.

  • պրակտիկային միտված մասնագիտական կրթության միջազգային փորձը,
  • լոգիստիկայի և տրանսպորտի ոլորտում մասնագիտական սերտիֆիկացման համակարգերը,
  • մաքսային գործի, բեռնափոխադրումների և լոգիստիկայի ոլորտներում գործնական հմտությունների զարգացումը,
  • կրթական հաստատությունների, պետական և մասնավոր հատվածների համագործակցության ընդլայնումը։

E-Logi Fest 2026-ը կարևոր հարթակ դարձավ միջազգային փորձի փոխանակման, գործընկերային կապերի ամրապնդման և լոգիստիկայի ու տրանսպորտի ոլորտում մարդկային ներուժի զարգացման նոր հնարավորությունների քննարկման համար։

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնակցությունը ևս մեկ քայլ է միջազգային համագործակցության ընդլայնման, լավագույն փորձի փոխանակման և ոլորտում ժամանակակից կրթական լուծումների ներդրման ուղղությամբ։