Էլեկտրոնային ուսուցման նոր մոդուլներ հարկային և մաքսային ոլորտների համար
Այսօր՝ հունիսի 17-ին, տեղի ունեցավ «Հայաստանի մաքսային և հարկային ոլորտներում հմտությունների զարգացման հասանելիություն էլ. ուսուցման (e-learning) միջոցով» ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառումը, որին մասնակցեցին շուրջ 50 ներկայացուցիչներ պետական կառույցներից, դոնոր և միջազգային կազմակերպություններից, ակադեմիական ոլորտից ու մեդիայից։
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը՝ ընդգծելով, որ նախաձեռնությունը պարզապես թվային հարթակի գործարկում չէ, այլ գիտելիքի փոխանցման և մասնագիտական զարգացման մոտեցման փոփոխություն։ Նրա խոսքով՝ էլեկտրոնային ուսուցումը հնարավորություն է տալիս հաղթահարել աշխարհագրական սահմանափակումները և ապահովել մասնագիտական կրթության հավասար հասանելիություն Հայաստանի բոլոր համայնքների մասնագետների համար՝ միաժամանակ թույլ տալով արագ արձագանքել ոլորտի փոփոխվող պահանջներին։
ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը անդրադարձավ առցանց և ավանդական ուսուցման արդյունավետության վերաբերյալ բարձրացված հարցին՝ ընդգծելով, որ այս երկու ձևաչափերը ոչ թե մրցակցում, այլ փոխլրացնում են միմյանց։ Նրա խոսքով՝ էլեկտրոնային ուսուցումը ապահովում է մասնագիտական գիտելիքների համակարգված և հասանելի փոխանցում, մինչդեռ լսարանային ուսուցումը և դասախոսների հետ անմիջական շփումը՝ մասնակիցների ներգրավվածություն և մոտիվացիա։ Այս մոտեցումների համադրումը հնարավորություն է ստեղծում ձևավորել առավել արդյունավետ և ժամանակակից կրթական միջավայր։
ՎԶԵԲ-ի գենդերային և տնտեսական ներառման բաժնի տնտեսական վերլուծաբան Դագմարա Չվալովսկան իր ելույթում նշեց, որ ծրագիրը մշակվել է հստակ կարիքի հիման վրա՝ նպատակ ունենալով ընդլայնել կրթական հնարավորությունները և բարձրացնել ուսուցման ճկունությունը։ Նա կարևորեց տվյալագիտության նոր մոդուլների ներդրումը՝ ընդգծելով ծրագրի ներառական բնույթը, որի արդյունքում նախատեսվում է հասնել շուրջ 2,000 շահառուի, այդ թվում՝ հեռավոր բնակավայրերից, ինչպես նաև խթանել գենդերային հավասարությունը։
Թայվանի ներկայացուցիչ Վեյ Բայ-Գուն ընդգծեց Հայաստանի առաջընթացը թվային տեխնոլոգիաների ոլորտում և պատրաստակամություն հայտնեց փորձի փոխանակման և համագործակցության ընդլայնման վերաբերյալ՝ հատկապես մաքսային և թվային կառավարման ուղղություններով։
«Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության ներկայացուցիչ Ազատ Մանուկյանը ներկայացրեց կազմակերպության ներդրումը ծրագրի իրականացման գործում՝ կարևորելով պետական և միջազգային գործընկերների համագործակցությունը՝ ուղղված ոչ ֆորմալ կրթության հասանելիության ընդլայնմանն ու մարդկային կապիտալի զարգացմանը։
ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի Հետազոտությունների և նորարարությունների բաժնի պետ Անի Ջաբաղյանը ներկայացրեց Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող ծրագրերը և էլեկտրոնային ուսուցման հարթակի զարգացման տեսլականը։ Նա ընդգծեց, որ Ուսումնական կենտրոնի առաքելությունն է ՊԵԿ աշխատակիցների, հանրային ծառայողների և բոլոր այլ շահագրգիռ կողմերի համար շարունակական և արժեքավոր կրթական հնարավորությունների ապահովումը։ Այս մոտեցման վառ ապացույցն է 2024 թվականին գործարկված e-learning հարթակը, որը մինչ օրս ապահովել է ավելի քան 1500 մասնակիցների հասանելիություն առցանց դասընթացներին՝ ընդգրկելով հարկային և մաքսային ծառայողների պատրաստման, ինչպես նաև փափուկ հմտությունների զարգացման ուղղությունները։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել և ներդնել նոր թվային կրթական մոդուլներ՝ մաքսային և հարկային ոլորտներում, ինչպես նաև տվյալագիտության, թվային գործիքների, առաջնորդության և այլ արդիական թեմաներով։
«Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի ՄՌԿ ծառայությունների ղեկավար Լիլիթ Գևորգյանը հավելեց, որ ծրագրի նպատակն է ապահովել շարունակական կրթական հնարավորություններ ինչպես նոր ընդունվող, այնպես էլ գործող ՊԵԿ աշխատակիցների համար։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունը նախատեսված է երկարաժամկետ՝ շուրջ 4 տարվա համար, որի ընթացքում թվայնացվելու են մոտ 30 հիմնական մաքսային և հարկային թեմատիկ մոդուլներ։
Նա նաև ընդգծեց, որ ծրագրում կիրառվելու են ժամանակակից թվային և ԱԲ գործիքներ՝ ապահովելով ավելի ինտերակտիվ և ներգրավող ուսուցման բովանդակություն։ Նախատեսվում է շուրջ 2000 մասնագետի վերապատրաստում՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց ներգրավվածության բարձրացմանը։
Միջոցառման ընթացքում անցկացվեցին նաև փորձագիտական քննարկումներ և բանավեճեր՝ նվիրված թվային և ավանդական ուսուցման արդյունավետությանը, ինչպես նաև ժամանակակից աշխարհում սովորելու գործընթացի վերափոխմանը։
Ծրագիրը կարևոր քայլ է ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի զարգացման նոր փուլում և միտված է ժամանակակից կրթական տեխնոլոգիաների կիրառմամբ մասնագիտական հմտությունների զարգացման հնարավորությունների ընդլայնմանը՝ նպաստելով մարդկային կապիտալի զարգացմանն ու կրթության հասանելիության բարձրացմանը։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ և TaiwanBusiness-EBRD տեխնիկական համագործակցության հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության կողմից, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությամբ։