Դրամապանակներ, փոխանակման հարթակներ, թրեյդինգ
«Կրիպտոակտիվներ և բլոկչեյն, կարգավորում, հարկում և ռիսկերի կառավարում» թեմայով դասընթացի շրջանակում այս շաբաթ Համայնքի ղեկավար | Web3, Կրիպտո @Binance, համայնքի զարգացման մասնագետ Ռազմիկ Ստեփանյանը անդրադարձավ կրիպտոաշխարհին առնչվող մի շարք կարևոր թեմաների։
Մասնավորապես, քննարկվեցին կրիպտոդրամապանակները՝ դրանց նշանակությունը և աշխատանքի սկզբունքները։ Ներկայացվեց, թե ինչպես են օգտատերերը կարողանում անվտանգ կերպով պահպանել, ուղարկել և ստանալ թվային ակտիվներ։
Դասընթացի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև փոխանակման հարթակներին (բորսաներին)՝ ներկայացնելով դրանց տեսակները, տարբերությունները և կիրառման ոլորտները։ Մասնակիցները ծանոթացան ինչպես կենտրոնացված, այնպես էլ ապակենտրոնացված բորսաների հիմնական առանձնահատկություններին։
Դասընթացի մասնակիցները ոչ միայն սահմանափակվեցին տեսական գիտելիքներով, այլև անցան գործնական փուլին․ գործնականորեն ծանոթացան կրիպտոդրամապանակներին, բորսաներին, իրականացվող գործարքներին։ Սա նրանց հնարավորություն տվեց առավել խորությամբ հասկանալու ոլորտի հիմունքները և ձևավորելու վստահություն սեփական քայլերի նկատմամբ։
Քննարկումների արդյունքում մասնակիցները սկսեցին պատկերացնել, թե ինչպես կարող են ձեռք բերած գիտելիքները կիրառել ինչպես իրենց մասնագիտական գործունեության մեջ, այնպես էլ առօրյա կյանքում՝ սկսած պարզ փոխանցումներից մինչև ներդրումային որոշումների կայացում։