ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
15 ապրիլի 2026

Doing Digital Forum 2026

   SPRING PR ընկերությունն արդեն չորրորդ տարին անընդմեջ միավորում է թվային տեխնոլոգիաներն ու մարդկանց՝ համագործակցելով ոլորտի առաջատար մասնագետների հետ՝ ստեղծելով հարթակ, որտեղ գաղափարները վերածվում են գործնական լուծումների, իսկ նորարարությունը՝ իրական արդյունքի։

   30 միջազգային փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից, դինամիկ քննարկումներ և խորը վերլուծություններ․ «Doing Digital Forum 2026»-ի ընթացքում խոսնակները ներկայացրեցին արհեստական բանականության ողջ ներուժն ու դրա գործնական կիրառման հնարավորությունները՝ հասանելի դարձնելով դրանք հայկական բիզնեսի և հասարակության համար։ Քննարկումները ընդգրկում էին ինչպես նորագույն տեխնոլոգիական միտումները, այնպես էլ դրանց ազդեցությունը տնտեսության տարբեր ճյուղերի վրա՝ ֆինանսներից մինչև պետական կառավարում։

  Ֆորումը ևս մեկ անգամ ընդգծեց Հայաստանի՝ որպես թվային փոխակերպումների տարածաշրջանային կենտրոն դառնալու ներուժը։ Ներկայացվեցին հաջողված միջազգային փորձեր, թվայնացման ռազմավարություններ և այն գործիքակազմը, որը կարող է խթանել տեղական ընկերությունների մրցունակությունը գլոբալ շուկայում։

 Ֆորումի շրջանակում ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը մասնակցեց «Թվային ենթակառուցվածքներ և իրական տնտեսություն» պանելային քննարկմանը։ Իր ելույթում նա ընդգծեց, որ տեխնոլոգիական արդիականացումը ինքնանպատակ չէ․ այն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ ուղեկցվում է մարդկանց պատրաստվածությամբ, գիտելիքների շարունակական զարգացմամբ և ակտիվ ներգրավվածությամբ։ Նրա խոսքով՝ մարդկային կապիտալը մնում է ցանկացած թվային փոխակերպման առանցքային շարժիչ ուժը։

  Արուսյակ Միրզախանյանը նաև անդրադարձավ կրթության և վերապատրաստման կարևորությանը՝ նշելով, որ ժամանակակից աշխարհում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ոչ միայն տեխնոլոգիաների ներդրում, այլև դրանց ճիշտ կիրառման կարողություն։ Այս համատեքստում նա կարևորեց պետական կառույցների և մասնավոր հատվածի համագործակցությունը՝ գիտելիքի տարածման և կարողությունների զարգացման ուղղությամբ։

  «Doing Digital Forum 2026»-ը փորձի փոխանակման, նոր գործընկերությունների ձևավորման և ապագայի թվային օրակարգի ձևավորման կարևոր հարթակ է՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ թվայնացումն այսօր ոչ միայն ընտրություն է, այլ անհրաժեշտություն։