ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
11 փետրվարի 2026

Արտակարգ իրավիճակներում պաշտպանություն և առաջին օգնություն թեմայով դասընթաց

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում  տեղի ունեցավ «Արտակարգ իրավիճակներում պաշտպանություն և առաջին օգնություն» թեմայով դասընթաց, որը վարեցին  «Սպարտա գոյատևման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, աղետների բժշկության փորձագետ, բժշկական ծառայության պահեստազորի կապիտան Սպարտակ Հովհաննիսյանը և ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության զորահավաքային նախապատրաստության քաղաքացիական պաշտպանության և հատուկ պատրաստության կազմակերպման բաժնի ավագ մաքսային տեսուչ Նաիրա Պողոսյանը։

Դասընթացի առաջին հատվածում ներկայացվեց արտակարգ իրավիճակներում առաջին օգնության ցուցաբերման հիմնարար սկզբունքները, ձեռքի տակ եղած միջոցներով վիրակապման տեխնիկան, արյունահոսության դադարեցման եղանակները, ինչպես նաև անգիտակից տուժածներին օգնություն ցուցաբերելու և սիրտ-թոքային վերակենդանացման ժամանակակից մեթոդները։ Հատուկ ուշադրություն  դարձվեց  գործնական հմտությունների ձևավորմանը․ յուրաքանչյուր թեմա ուղեկցվել է ցուցադրություններով և մասնակիցների ակտիվ ներգրավմամբ։

Մասնակիցներին ներկայացվեց նաև արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման և ճիշտ վարվելակերպի հիմնական մոտեցումները, առաջնային օգնության կազմակերպման մեխանիզմները, ինչպես նաև տարբեր աղետների պայմաններում անվտանգ գործելու կանոնները։

Դասընթացի երկրորդ մասում անդրադարձ կատարվեց արտակարգ իրավիճակների տեսակներին ու դասակարգմանը, դրանց կանխարգելման միջոցառումներին՝ առանձնահատուկ շեշտադրելով ջրհեղեղների, սելավների, երկրաշարժերի, հրդեհների և հրդեհաշիջման առաջնային միջոցների, մասնավորապես՝ կրակմարիչների կիրառման առանձնահատկություններին։

Դասընթացի նպատակն էր մասնակիցներին փոխանցել տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ արտակարգ իրավիճակներում արդյունավետ գործելու համար՝ նպաստելով աշխատավայրում և առօրյա կյանքում անվտանգության մակարդակի բարձրացմանը և հնարավոր ռիսկերի նվազեցմանը։