ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
3 հունիսի 2024

«Ռադիացիոն հսկողության սարքավորումների շահագործման և սպասարկման գործընթաց» թեմայով դասընթաց

  Ժամանակակից աշխարհում, տնտեսական և ֆիզիկական անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով, ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնի և ոլորտի լավագույն մասնագետների նախաձեռնությամբ պարբերաբար կազմակերպվում են դասընթացներ ՀՀ մաքսային սահմանում տեղափոխվող բեռների, տրանսպորտային միջոցների և ֆիզիկական անձանց նկատմամբ ճառագայթային հսկողություն իրականացնելու գործընթացների վերաբերյալ:

   Ռադիացիոն նյութերը պրակտիկայում չեն հայտնաբերվում մարդու զգայարանների միջոցով, այլ արձանագրվում են միայն համապատասխան հսկողություն իրականացնող սարքերի կիրառմամբ: Ուստի, այս թեմայի շրջանակում կազմակերպվող դասընթացների անքակտելի մաս է գործնական վարժությունների առկայությունը, իսկ ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնը իր տեխնիկական հագեցվածությամբ հանդիսանում է վարժույթների հարթակ, որտեղ դասընթացներ  կազմակերպվում են թե՛ տեսական  և թե՛ գործնական մեթոդների կիրառմամբ:

 Մասնավորապես, մայիսի 30-ից 31-ը ոլորտի լավագույն մասնագետ-դասընթացավարներ՝ մաքսային հսկողության տեխնիկական միջոցների մոնիտորինգի բաժնի պետ Արտակ Գալստյանը և նույն բաժնի պետի տեղակալ Հակոբ Գալստյանը, վարեցին «Ռադիացիոն հսկողության սարքավորումների շահագործման և սպասարկման գործընթաց» թեմայով դասընթաց՝  ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող և ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության սկսնակ մաքսային ծառայողների համար:

 Տեսական մասի ավարտից հետո մասնակիցները իրականացրեցին գործնական աշխատանք; պայմանական իրավախախտի մոտ ռադիացիոն հսկողության ստացիոնար սարքավորման  ահազանգից հետո փնտրել և հայտնաբերել  ուսումնական նպատակով տրամադրված թույլ հզորությամբ աղբյուրներ, կատարել  անհրաժեշտ չափումներ , կազմել համապատասխան արձանագրություններ:

 ՊԵԿ աշխատակիցների հմտությունների զարգացման նպատակով վերոնշյալ թիրախային խմբի համար կազմակերպվող  դասընթացները շարունակելի են: