Մարզային հանդիպում-քննարկում ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում
Հանրային իրազեկման արշավները, մասնավորապես դեմ առ դեմ հանդիպումները, պետական համակարգի ներկայացուցիչների և հասարակության մյուս անդամների միջև այն կարևոր ուղիներից մեկն է, որն ամրացնում ու ապահվում է պետություն-մասնավոր հատված երկխոսությունը:
Հարկային և մաքսային բարեփոխումների հանրային ռազմավարության շրջանակներում ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը նախաձեռնել է հանդիպումների շարք համալսարանների ուսանողների հետ, որի նպատակն է իրազեկել Պետական եկամուտների կոմիտեում կրթություն և նոր մասնագիտություն ստանալու, օրենսդրական փոփոխություններին և ընթացիկ միջոցառումներին ծանոթանալու ծրագրերն ու ուղիները:
Այս ձևաչափով երկրորդ մարզային հանդիպում-քննարկումը տեղի ունեցավ 2023թ. հոկտեմբերի 27-ին ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը, ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչության վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը, ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի ուսումնական մասի պետ Գոռ Վարդանյանը և ուսումնական ծրագրերի համակարգող Լիլիթ Պողոսյանը:
ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը ուսանողներին ներկայացրեց ՊԵԿ համակարգում առկա ծրագրերը և հնարավորությունները, որոնք կարող են նպաստել վերջիններիս մասնագիտական հատուկ հմտությունների զարգացմանը և փորձի ձեռքբերմանը:
Արթուր Հակոբյանը կիսվեց իր փորձով՝ կենտրոնանալով ՊԵԿ հարկային ոլորտին վերաբերող գործառույթներին, Գոռ Վարդանյանը ներկայացրեց ուսումնական ծրագրերին մասնակցելու ընթացակարգը, իսկ Լիլիթ Պողոսյանը՝ Ուսումնական կենտրոնում կազմակերպվող դասընթացները:
ՊԵԿ ներկայացուցիչները փաստեցին, որ պետական համակարգում աշխատելու կարևոր շարժառիթներից է պետականամետ գործունեության կատարումը և պետության զարգացման գործում սեփական ներդրման գիտակցումն ու պատասխանատվության ստանձնումը: